Հունվարի 11-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեսթերին: Հանդիպման նպատակը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքի և դրանց շարունակականության հետ կապված հարցերի քննարկումն էր: Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև հաստատված բոլոր ծրագրերը մայրաքաղաքում պետք է լինեն շարունակական: Պոլ Անրի Ֆորեսթերը քաղաքապետին ներկայացրեց Երևանի մետրոպոլիտենի անվտանգության ապահովման ծրագիրը, որով նախատեսվում է առաջնային կապիտալ ներդրումներ կատարել Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նպատակով: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից, որոնցից առաջինն արդեն ընթացքի մեջ է: Կողմերը պայմանավորվեցին 2011 թ. սկսել նաև երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները: Նշենք, որ, ծրագրի համաձայն, կնորացվի մետրոպոլիտենի շարժակազմը, կբարելավվեն ռելսային ուղիները, կվերազինվի էներգամատակարարման համակարգը, կփոխվեն պոմպերը, բացի այդ, նախատեսվում է ներդնել տեխնիկական սպասարկման միջոցներ և կառուցել դրենաժային համակարգ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ավտոկայանատեղիների վերաբերյալ քաղաքականության մշակման և Նուբարաշենի աղբավայրի թափոնակուտակման կառավարման ծրագրի հետ կապված հարցեր: Առաջիկայում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը այս երկու ծրագրերի շուրջ կոնկրետ առաջարկություններ կներկայացնի Երևանի քաղաքապետին: Կարեն Կարապետյանը նշեց, որ լուրջ ուշադրություն պետք է դարձվի պետություն-մասնավոր սեփականություն համագործակցությանը: «Մայրաքաղաքում գործարարների և ներդրող օպերատորների համար պետք է ստեղծվի բարենպաստ ներդրումային դաշտ: Երևանը պետք է դառնա բիզնեսի համար գրավիչ մայրաքաղաք»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն