Տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն արդեն հանդիպել են Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարների հետ։ Նախօրեին համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը և Ժակ Ֆորը Երևանում հանդիպել են Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ շաբաթ օրը Ստեփանակերտում՝ նաև Բակո Սահակյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ժակ Ֆորը, ով Ֆրանսիայից Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում առաջին անգամ է այցելել Լեռնային Ղարաբաղ, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չնայած շատ է կարդացել ղարաբաղյան հակամարտության մասին, սակայն ոչինչ ասել դեռևս չի կարող:
Մեկ ամսից լրանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեության քսանամյակը, և հարցին` ինչպե՞ս են գնահատում այդ ընթացքը, Իգոր Պոպովը արձագանքել է, թե իրենց գործունեության հիմնական ձեռքբերումն այն է, որ հակամարտությունը չի տեղափոխվել թեժ գիծ:
Ռուսաստանցի համանախագահը նաև ավելացրել է, որ վերջին տարիներին սկսել են աշխատել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա, ինչը, սակայն, ընթանում է դանդաղ տեմպերով, չնայած, ինչպես ընդգծել է Պոպովը, «առաջընթաց կա»:
Մինսկի խմբի միջնորդներն Ադրբեջան կժամանեն երկուշաբթի օրը:











































