Ռուսաստանը իսկապես լուրջ փոփոխությունների շեմին է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը`խոսելով ՌԴ նախագահական ընտրություններից հետո ՌԴ ներքաղաքական կյանքում սպասվելիք զարգացումների շուրջ:
Նա նշեց, որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը գիտակցում են բոլոր սոցիալական խմբերը, ինչպես նաև Վլ. Պուտինը՝ իր համախոհներով հանդերձ: Ըստ նրա` ռուսաստանյան հասարակությունը անցած տարիների ընթացքում իր հիմնական բաղադրիչներով ենթարկվել է որոշ փոփոխությունների` փոխվել են հասարակական տրամադրությունները ՌԴ-ում, և ըստ էության այսօր լուրջ ալեկոծություններ են ի հայտ եկել, որոնք նախկինում չկային, ինչը ցույց է տալիս, որ հանրությունը վերապրում է ակտիվ, ստացիոնար դրսևորումների ժամանակաշրջան:
«Անշուշտ Պուտինը, ով իսկապես կընտրվի ՌԴ նախագահ առաջին փուլում, անմիջապես հետամուտ կլինի իր խոստումներին քարոզարշավի ժամանակաշրջանում: Երբ հրապարակվեց Պուտինի առաջին հոդվածն «Իզվեստիա» թերթում, ես համոզմունք հայտնեցի, որ նրա խոստումներն իրականանալու են: Նա խոստացել է քաղաքական խորը փոփոխություններ, որոնք կիրականանան»,- մեկնաբանեց Հ. Հովհաննիսյանը`հավելելով, որ նրա պատրաստակամության ապացույցն են բավականին բաց քննարկումները ռուսական հեռուստաալիքներում: Նրա գնահատմամբ` այդ քննարկումներն իսկապես սուր են:
Քաղաքագետը եզրափակեց ասելով, որ ՌԴ վարչապետ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը կընտրվի նախագահ և կսկսի իր քարոզարշավի խոստումների իրականացումը:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում նախագահական ընտրությունները են:











































