Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը: «Վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ:
2001 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 25 %: 2008 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 558,440` 2007 թվականի համեմատ աճելով 9.4 %-ով: Չնայած 2009 թվականի ընթացքում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների անկմանը, Հայաստանում միջազգային զբոսաշրջային այցելությունների անկում չի արձանագրվել: 2009 թվականին Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 575,281` 2008 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ (558,443) աճելով 3 %-ով: Պաշտոնական վիճակագրական տվյալները փաստում են, որ 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային այցելությունների թիվը կազմել է 487,902՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 15.6 %-ով: 2011 թվականին Հայաստան միջազգային այցելությունների քանակի թիրախը 700,000-ի սահմանագիծը հատելն է»,- նշված է այդ ծրագրի մեջ: