Մարտի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:
Զրուցակիցները անդրադարձել են հունվարի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի, և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության իրագործման ուղիներին:
Այդ առումով նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Բաքվից հնչում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում իրենց իսկ կողմից ստանձնած պարտավորություններին: