Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին հունվարի 11-ին Չինաստանի պետական պաշտոնյաներին հանդիպելու նպատակով մեկնելու է Պեկին:
Բաղերին Չինաստանում հանդիպելու է Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ջենգ Ջո Ջունի և ԱԳ նախարարության միջազգային կազմակերպությունների ու սպառազինության բաժնի պետի օգնական Վու Խի Լունգի հետ:
Բաղերիի այցի ընթացքում նախատեսված է նաև իրանցի դիվանագետի և չինացի մի շարք մտավորականների ու մեկնաբանների հանդիպում, որի ժամանակ խոսվելու է Իրանի միջուկային աշխատանքների մասին: Բաղերին իր այցի ավարտին մամլո ասուլիսի միջոցով պատասխանելու է չինացի ու միջազգային լրագրողների հարցերին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 20-ին ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն էլ նույն նպատակներով մեկնելու է Մոսկվա:
Հարկ է նշել, որ միջուկային խնդրի շուրջ Իրանի և «վեցյակի» միջև կայանալիք հանդիպումը հունվարի 21-22-ը տեղի կունենա Ստամբուլում: