Փետրվարի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի (խորհրդարան) խոսնակ Էնդրյու Շիրի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես, Բարեկամության խմբերի գործունեությունը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային խնդիրների, և խորհրդարանի խոսնակի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Այդ համատեքստում դեսպան Եգանյանը խոսնակի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Ադրբեջանը ոչ կառուցողական մոտեցում է որդեգրել այս հարցում, որի պատճառով բանակցային առաջընթացը դանդաղում է: Բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան իր բնակչության մեջ սերմացնում է հայատյացություն:
Հանդիպման վերջում Ա. Եգանյանը Հայաստանի կառավարության կողմից երախտագիտություն է հայտնել Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և այս հարցում սկզբունքային մոտեցման համար: