Ամերիկացի սոուլ երգչուհի Էրիկա Բադուն ափսոսանք է հայտնել, որ Մալայզիայի իշխանությունները չեղյալ են համարել իր համերգը: Դրա համար պատճառ է հանդիսացել երգչուհու բոդի-արթով նկարը՝ «Ալլահ» բառի ձևով, գրում է OpenSpace-ը:
Մալայզիական անգլալեզու The Star տապլոիդը երկուշաբթի հրապարակել է երգչուհու հին լուսանկարներից մեկը, որում երգչուհու մարմինը պատված է եբրայերեն և արաբերեն գրություններով: Լուսանկարն առաջացրել է Մալայզիայի մուսուլմանների դժգոհությունը:
Չնայած դրանք ժամանակավոր դաջվածքներ են եղել, այնուամենայնիվ Մալայզիայի տեղեկատվության նախարարը գտնում է, որ դա վիրավորում է իրենց կրոնական զգացմունքները և մշակութային արժեքները:
Մալայզիայում, որտեղ մուսուլմանները մեծամասնություն են կազմում, արևմտյան կատարողների համերգները հաճախակի են արգելվում: Սակայն եթե համերգը հաստատվում է իշխանությունների կողմից, այն որպես կանոն չեղյալ չի համարվում:
Երգչուհին հայտարարել է, որ չի հասկանում իշխանությունների այդ որոշումը՝ նշելով, որ այդ արվեստը հաճախ ճիշտ չի ընկալվում, սակայն իր կարծիքով ոչ մի վատ բան չկա աստծո անունը մարմնի վրա դաջելու մեջ: