ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 29-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը պաշտպանության նախարարության համապատասխան անձնակազմի հետ այժմ իրականացնում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և պլանավորման և վերանայման գործընթացի իրականացման առաջընթացի գնահատում:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նախարար Օհանյանը և դեսպան Հուսեյն Դիրիոզն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններին, որոնցից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը, փոխգործունակ կարողությունների կատարելագործումը, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը:
Կողմերն արձանագրել են պաշտպանական բարեփոխումների և ռազմական համագործակցության հիմնական ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության առաջընթացը, նշվել են առաջիկա տարիներին Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության գերակա ուղղությունները: Հ.Դիրիոզը հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` պաշտպանության ոլորտում Հայաստանին տրամադրվող խորհրդատվական և փորձագիտական աջակցության հետագա ընդլայնման վերաբերյալ:
Կարծիքներ են փոխանակվել նաև գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում դրված հիմնական հարցերի վերաբերյալ:
Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և պլանավորման և վերանայման գործընթացի առաջընթացի գնահատմանն ուղղված աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև վաղը:
Քննարկումների ընթացքում կողմերի հիմնական ուշադրությունը սևեռված է ՀՀ պաշտպանական բարեփոխումների և միջազգային ռազմական համագործակցության ոլորտում պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխադարձ հանձնառությունների և դրանց կյանքի կոչման համար անհրաժեշտ օժանդակության կարիքների վերստուգմանը:











































