Շվեդիայի 14-ամյա բնակիչը Տեկիլա անունը կրելու թույլտվություն է ստացել: Նրան ծնվելիս այդպես էին պատրաստվել կոչել ծնողները:
Ըստ Ostgota Correspondenten-ի` համապատասխան որոշումը կայացվել է Շվեդիայի Հարկային ծառայության կողմից, որն զբաղվում է նաև նորածինների անունների գրանցմամբ:
Տեկիլա Վիկինգեյմը ծնվել է 1997 թ. օգոստոսին, և այդ օրվանից նրա ընտանիքը փորձում է պաշտոնապես գրանցել աղջկա անունը: Սակայն Շվեդիայի իշխանությունները հրաժարվել էին գրանցել այդ անունը փաստաթղթերում, և ծնողները ստիպված աղջկան անվանակոչել էին Կիլա:
Սակայն երբ Կիլան դարձավ 14 տարեկան, Հարկային ծառայությանը նամակ գրեց` նկարագրելով իր վիճակը: Աղջիկը գրել էր, որ բոլոր բարեկամներն ու ընկերներն իրեն Տեկիլա են կոչում, և որ ինքն այդ անունը երբեք չի համարել ալկոհոլային խմիչքի անուն կամ անընդունելի ու վիրավորական:
Աղջիկն ասել է, որ վերջնականապես կհրաժարվի Կիլա անունից 2012 թ. գարնանը: Մոտ ապագայում նա մտադիր է մկրտվել:









































