2012թ.-ի փետրվարի 24-26-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպված խորհրդաժողովի մասնակից խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թևերը և երիտասարդական, հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչները, քննարկելով երիտասարդության ներգրավվածությունը և կշիռը քաղաքական գործընթացներում և պատրաստակամություն հայտնելով կազմակերպել են նմանատիպ քննարկումներ և այլ միջոցառումներ, հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
Մենք` ներքոստորագրյալներս, անհրաժեշտ ենք համարում`
Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի երիտասարդական թևերի և երիտասարդական, հասարակական-քաղաքական շարժումների շրջանակներում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորում,
Երիտասարդության քաղաքական առողջ մշակույթի ձևավորման գործում համատեղ ջանքերի մեկտեղում,
Արդար ընտրությունների անցկացման և ընտրակեղծիքների դեմ պայքարի գործում համատեղ քարոզչական և գործնական քայլերի ձեռնարկում,
Քաղաքական հայացքների հետևանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում և նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում,
Քաղաքական գործընթացներում, մասնավորապես առաջիկա խորհրդարանական ընտրություններում երիտասարդության դերի բարձրացում:
«Ազատ դեմոկրատներ», ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀՀՇ, «Ժառանգություն» կուսակցությունների երիտասարդական թևերը, «Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն» կուսակցության երիտասարդական թևը, Հայաստանաի Ռամկավար Ազատական կուսակցության, «Արմենակ Եկարյանի» ակումբը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի երիտասարդական միությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Հասարակական Խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպությունը, «Հիմա» նախաձեռնությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, «Ժողովրդի Իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության երիտասարդական թևը և Հայազն» երիտասարդական կառույցը:
Ի դեպ վերոնշյալ ուժերից հայտարարության տակ ստորագրել են բոլոր քաղաքական և հասարակական ուժերը, բացի ՀԺԿ-ի, Ժառանգության և Հայազն միության երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: ՀԺԿ-ն պատճառաբանել է, որ քանի դեռ կա քաղբանտարկյալ ի դեմս Տիգրան Առաքելյանի իրենք որևէ փաստաթուղթ իշխանական ուժերի հետ համատեղ չեն ստորագրի: Ժառանգության ներկայացուցիչները չեն ստորագրել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման վերաբերյալ կետ չներառելու պատճառով, իսկ Հայազնը չի ստորագրել, որովհետև ԲՀԿ ներկայացուցիչը մինչ այդ կարծիք է հայտնել, թե ինչ-որ հասարակական կառույցի հետ համատեղ փաստաթուղթ ստորագրելն իր համար ցանկալի չէ:Հայազնը սա ընդունել է որպես վիրավորանք:










































