Այսօր փորձեցինք գյուղնախարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանից ճշտել, թե ինչպես հաջողվեց լրացնել ձվի դեֆիցիտը։ Պարզաբանելով ստեղծված իրավիճակը՝ նա նշեց, որ յուրաքանչյուր տարի նոյեմբերի կեսերից ձուն մնում էր պահեստներում, և 20 օրը մեկ կուտակված ձուն մատակարարվում էր խանութներին։ Բայց քանի որ այս տարի ձուն էժան էր, բոլորը սկսեցին ձու գնել, և հնարավոր չեղավ պահեստավորել։ Հետևաբար, նոյեմբերի կեսերին բոլոր թռչնաֆաբրիկաների պահեստները դատարկվեցին։ «Հիմա ձուն վաճառվում է` 40 դրամից սկսած։ Իսկ օրական արտադրում ենք 1 միլիոն 300 հազար ձու։ Առաջիկա Զատիկին ձվի խնդիր չի առաջանա։ Չնայած Զատիկին մեզ պետք կլինի 30-35 միլիոն ձու, քանի որ սպառումը նվազել է, արտադրված ձուն կկուտակվի այս ընթացքում, և մենք ձվի խնդիր չենք ունենա»,- ավելացրեց Աշոտ Հովհաննիսյանը։








































