News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը աջակցում է ռազմական ոլորտում իրականացվող վրացական բարեփոխումներին. այս մասին երեկ երեկոյան հայտարարել Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխքարտուղար Սելեստա Վոլանդերը, որը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտնել է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության խորացման հարցը:
Վոլանդերը հայտնել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցել պաշտպանական ոլորտում Վրաստանում իրականացվող բարեփոխումներին ու արդիականացման գործընթացին, ինչը կնպաստի Վրաստանի տարածքային պաշտպանունակության մեծացմանը:
Հիշեցնենք, որ Վոլանդերը Թբիլիսի է ժամանել փետրվարի 22-ին: Նրա վրացական այցն ավարտվում է այսօր: Վրացական այցի շրջանակներում Վոլանդերը հանդիպել է նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:











































