Իշխանությունն իր լեգիտիմությունն արդարացնելու համար պետք է վերաբերմունք ցուցաբերի ձևավորված նոր հասարակությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Աղասի Թադևոսյանը`խոսելով քաղաքացիական նախաձեռնությունների պայքարի և իշխանության վերաբերմունքի շուրջ:
Ըստ նրա` այն ակտիվությունը, որը ցուցաբերվում է բնապահպանների և այլոց կողմից, զուտ բնապահպանական համարել չի կարելի, այն քաղաքային մշակույթի և հանրային տարածքի պահպանմանն ուղղված շարժում է: Ազգագրագետի խոսքով` սա նորություն է և՛ քաղաքային, և՛ հանրապետական, և՛ տարածքային իշխանությունների համար, քանի որ ակցիաներով, զանազան միջոցառումներով նրանց և հասարակության այլ անդամներին ստիպում են մտածել խնդիրների շուրջ: «Իշխանությունը հանրության մեջ սկսում է տեսնել մի նոր երևույթ և ինքն իր իշխանության լեգիտիմությունը արդարացնելու համար պարտավոր է վերաբերմունք ցուցաբերել, իսկ այդ վերաբերմունքը կախված է նրանից, թե ինչպիսին է այդ շարժումը: Դա հետզհետե իշխանության մոտ բերում է նոր որակների ձևավորման: Իշխանությունը ստիպված է լինում արձագանքել այս շարժումներին քաղաքակիրթ մեթոդներով և փորձում է գտնել նոր լեզու»,- մեկնաբանեց Աղասի Թադևոսյանը`հավելելով, որ այդ շարժումները նպաստում են, որ ՀՀ իշխանությունը նոր, քաղաքակիրթ որակներ ձեռք բերի:
Անդրադառնալով քաղաքական դաշտում հասարակական ակտիվությանը`նա ասաց, որ այն շարժումները, որոնք այսօր կան, դրանք լայն առումով քաղաքական են: Ըստ ազգագրագետի` դրանք ուղղված են նոր տեսանկյունների ներկայացմանը, նոր տեսանկյունների ձևակերպմանը և այդ տեսանկյունների հիմքի վրա գործողությունների կազմակերպմանը: «Մի բան, որը մենք չենք տեսնում քաղաքական հարթությունում, և այդ առումով կուսակցությունները բավականին սնանկ են:
Այն մարդիկ, ովքեր կարողանում են իրենց շահը պրոյեկտել հանրային մակարդակում, քիչ են, իսկ լայն առումով չկան քաղաքականության մեջ զանգվածային պայքարներ, բայց դժվար է ասել, որ չեն լինի: Դա մշակույթի, մտածողության հարց է, բայց հասարակության մեջ այսօր այդ պոտենցիալը կա»,- եզրափակեց իր խոսքը ազգագրագետ Աղասի Թադևոսյանը:










































