1989 թվականին հեպատիտ C-ն հայտնաբերած գիտնականը հայտարարել է, որ լյարդը ոչնչացնող այս վիրուսի դեմ այժմ մի պատվաստանյութ է ստեղծել:
Ալբերտա համալսարանից Մայքլ Հյուգտոնն ասել է, որ պատվաստանյութը ստացել է մի տեսակից, բայց այն արդյունավետ է հիվանդության բոլոր հայտնի տեսակների դեպքում: Նա այս ծրագրի վրա սկսել է աշխատել 10 տարի առաջ, երբ աշխատում էր «Նորվատիս» թմրանյութերի ընկերությունում:
Սեռական ճանապարհով փոխանցվող հեպատիտ C-ն «լուռ համաճարակ» է առաջացրել արևմտյան երկրներում: Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ 2007 թվականին այս հիվանդության պատճառով մահացությունների թիվը 15.000 է, որոնցից երեք քառորդը միջին տարիքի անձիք են եղել: Ամբողջ աշխարհում տարեկան հարյուր հազարավոր մարդիկ են վարակվում հեպատիտ C-ով:
Հիվանդության ընթացքը շատ անկանխատեսելի է. մինչ շատերը իրենց ողջ կյանքը կարող են ապրել միայն մեղմ ախտանիշերով, ոմանց մոտ, չնայած կանոնավոր բուժմանը, կարող է լյարդի լուրջ հիվանդություն զարգանալ:
Մինչ այժմ ոչ մի կանխարգելիչ պատվաստանյութ չկար: Դոկտոր Հյուգտոնը հայտնաբերել է, որ վիրուսի մի տեսակը օգտագործելով կարող են խաչաձևման միջոցով հակամարմիններ առաջացնել մյուս տեսակները ոչնչացնելու համար: Սակայն Հյուգտոնը նախազգուշացնում է, որ անհրաժեշտ են հետագա փորձարկումներ, որը կպահանջի մոտավորապես 5-7 տարի մինչև պատվաստանյութը հավանության արժանանա:
Ալբերտա համալսարանի տնօրեններից մեկն ասել է. «Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց դա մեծ քայլ է»: