Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Իրաքի շիաների առաջնորդ Մուքթադա Ալ-Սադրն իր կողմնակիցներին կոչ է արել միավորվել ամերիկացիների դեմ և «բոլոր հնարավոր միջոցներով հակադարձել Ամերիկային»:
Այս հայտարարությունները նա արել է Իրաք վերադառնալուց հետո կազմակերպված առաջին հանրահավաքի ժամանակ: Ալ-Սադրը 2003-2008թթ. պայքարել է ամերիկացիների ներկայության դեմ: Անհաջողության մատնվելուց հետո, 2007թ. լքել է Իրաքի տարածքը, մեկնել Իրան, որտեղ էլ ստացել է այաթոլլայի հոգևորական բարձր աստիճան: 2008թ. նա կոչ էր արել իր կողմնակիցներին` վայր դնել զենքերը և ենթարկվել Իրաքի իշխանություններին: Սակայն վերադառնալուց հետո Իրաքի թշնամի է համարել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Իսրայելին: Միաժամանակ նա նշել է, որ պայքարի մեթոդները անպայման չէ, որ պետք է բռնի լինեն: «Իրաքցիները չպետք է սպանեն մյուս իրաքցիներին»,- ավելացրել է նա: