Հոնդուրասի բանտերից մեկում տեղի ունեցած սարսափելի հրդեհը, որը հարյուրավոր մարդկանց կյանք էր խլել, սկսվել է չհանգցրած ծխախոտի պատճառով,- տեղեկացնում է BBC՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազ Լուիս Ալբերտո Ռուբիին:
Նրա խոսքերով՝ ականատեսները պատմել են, թե ինչպես է բանտարկյալներից մեկը ծխելիս քնել: Նա նաև հերքել է լուրերն այն մասին, որ հրդեհի ժամանակ բանտարկյալների վրա կրակել են, քանի որ զոհվածների վրա հրազենային վնասվածքներ չկան:
Նշենք, որ երեքշաբթի զոհվածների հարազատները ներխուժել էին դիահերձարան և պահանջել իրենց հանձնել հարազատների մարմինները: Նրանց հաջողվել է հեռացնել միայն ոստիկանության միջամտությամբ:
Հրդեհի ժամանակ բանտում եղել է 850 բանտարկյալ, որոնցից, ըստ վերջին տվյալների, զոհվել է 382-ը:
Նշենք նաև, որ սա Հոնդորասում բանտարկյալների զանգվածային մահվան առաջին դեպքը չէ: 2004 թ. տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել էր 102 մարդ, իսկ 2003 թ.՝ 68 մարդ: