ՀՅԴ բյուրոյի և Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանից «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց, թե ինչպես է Դաշնակցությունը վերաբերվում այն փաստին, որ ԱՄՆ Կոնգրեսի 112-րդ նստաշրջանում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Արդյո՞ ք ՀՀ իշխանությունները պատրաստ են ադեկվատ ձևով արձագանքելու այդ քննարկումներին: «Պատրաստ լինելու մասին իրենց հարցրեք»,- ասաց նա: Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք նաև, թե դա չի՞ նշանակում, որ ԱՄՆ-ը փորձում է իր ազդեցությունն ընդլայնել մեր տարածաշրջանում` Կոնգրեսի նստաշրջանում հընթացս քննարկման ներկայացնելով Ադրբեջանի էներգետիկ ոլորտի զարգացման հարցը, Հայաստանի տնտեսական զարգացման հարցը և Վրաստանի վերականգնումը 2008 թ. Ռուսաստանի հետ պատերազմից հետո: «Առաջին անգամը չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսում: Առաջին անգամը չէ նաև, որ քննարկվում են տարածաշրջանին վերաբերող հարցերը»,- «Առաջին լրատվական»-ի հարցին արձագանքեց դաշնակցական գործիչը: Պարզվում է, որ դաշնակցական գործիչը նորմալ է վերաբերվում նաև այն փաստին, որ Ցեղասպանության հարցը չի քննարկվելու ԱՄՆ Կոնգրեսի նստաշրջանում: «Իսկ սա ԱՄՆ քաղաքականության մեջ նոր էջ չի՞ բացում»,- հարցրեցինք Կիրո Մանոյանին: «Ոչ»,- ասաց նա: