Պաշտոնյաներն այսօր ասել են, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև կնքված ազատ առևտրի համաձայնագիրը, որը, ըստ ուսումնասիրությունների, 25 տոկոսով կմեծացնի առևտուրը երկու դաշնակիցների միջև, ուժի մեջ կմտնի մարտի 15-ից:
Reuters-ը հաղորդում է, որ համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռևս հինգ տարի առաջ, բայց հանդիպել էր երկու երկրների արդյունաբերական և գյուղատնտեսական շահերի դիմադրությանը, կարող է խնդիրների հանդիպել Հարավային Կորեայում, որի ընդդիմությունն ասել է, որ փորձելու է համաձայնագիրն անվավեր ճանաչել:
Հարավային Կորեայի առևտրի նախարարը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ Հարավային Կորեայի առևտուրը Եվրոպայի հետ մեծ դժվարությունների է հանդիպել ֆինանսական ճգնաժամի հետևանքով: Այդ իսկ պատճառով, ըստ նախարարի, ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը դրական հնարավորություն է արտադրանք արտահանել ԱՄՆ, որն էլ իր հերթին էական տնտեսական աճ կապահովի: