Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը դարձյալ նոտա է հղել Ադրբեջանին: Այս անգամ դրա պատճառն Ադրբեջանում իրանցի լրագրողների ձերբակալությունն է:
Բաքվում Իրանի դեսպանատան ներկայացրած նոտայում նշված է, որ լրագրողներին ձերբակալելը հակասում է միջազգային նորմերին և պահանջվում է անհապաղ ազատ արձակել նրանց:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներն առանց որևէ պատճառի ձերբակալել են իրանական Fars News լրատվական գործակալության և Seher հեռուստաընկերության թղթակիցներին:
Ի դեպ, մոտ 10 օր առաջ էլ էր Իրանը նոտա հղել ադրբեջանական կողմին, երբ բրիտանական մամուլը գրել էր, թե իսրայելական «Մոսադը» հակաիրանական գործունեություն ծավալելու հարցում լայնորեն օգտագործում է Ադրբեջանի տարածքը:








































