Փետրվարի 18-ին Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, տեղի է ունեցել սեղան-քննարկում` նվիրված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի անցած ուղուն, ձեռքբերումներին և առկա խնդիրներին:
Քննարկումը կազմակերպվել էր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից ԵՀԽ կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Մայր աթոռի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա են եղել հոգևորականներ, կրթական գերատեսչության, կրթական հարցերով զբաղվող պետական կառույցների, դպրոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկման սկզբում բացման խոսքով է հանդես եկել Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:
Ապա հավաքի առիթով ներկաներին իր օրհնությունն ու պատգամն է ուղղել Ամենայն հայոց հայրապետը: Անդրադառնալով հանրակրթական դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման կարևորությանը` Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծել է. «Դպրոցից սկսվելով` հավատքի գրագիտությունը պիտի դառնա մեր կյանքի անբաժանելի մասը` զորացնելով մեր հայ-քրիստոնյա ինքնությունը, հաստատելով մեր ժողովրդին հոգևոր-բարոյական արժեքների ու հայրենական ավանդների մեջ:
Համաշխարհայնացման և գիտատեխնիկական ձեռքբերումների արդի ժամանակներում մեր նվիրական պարտականությունն է կրթության զարգացման ընթացքներում հայոց բազմադարյա հոգևոր և մշակութային ավանդների պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցումը: Մեր ազգային արժեքները ճանաչող, հավատքով ամուր ու հաստատակամ, արդի գիտելիքներով զինված երիտասարդ սերունդն է, որ պիտի համընթաց պահի մեր ժողովրդին կյանքի զարգացումներին և առաջընթացին` հոգևոր-ազգային մշակույթի հարուստ հենքի վրա բարձրացնելով ու կառուցելով ազգային մեր կյանքը»:
Վեհափառ Հայրապետը նաև խոսել է առարկայի դասավանդման գոհացուցիչ արդյունքների մասին: «Հայրապետիս համար մեծ ուրախություն է տեսնել բարի արգասիքները, որ շարունակում են արձանագրվել ազգային մեր կրթօջախներում` ի խնդիր մեր սրբազան հավատքի և հայ ինքնության անաղարտ պահպանման ու զորացման: «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շնորհիվ այսօր մեր երեխաները ճանաչում են հավատքի սկզբունքները, մեր եկեղեցին ու նրա առաքելությունը, հաղորդ դառնում ազգային-եկեղեցական տոներին:
Ուրախալի է, որ շատ հաճախ աշակերտներն իրենք են դառնում այդ տոնակատարությանց կազմակերպողները` դրանով իսկ արտահայտելով Եկեղեցու և ազգի նվիրյալ ու հավատարիմ զավակը լինելու իրենց նախանձախնդրությունը և իրավունքը»,- նշել է Գարեգին Բ-ն:
Խոսքի ավարտին, շնորհակալություն հայտնելով քննարկման մասնակիցներին, Վեհափառ հայրապետն իր մասնավոր գնահատանքն է բերել կրթության և գիտության նախարարին` Հայ եկեղեցու և քրիստոնեական կրթության հանդեպ նրա նախանձախնդրության և ամենայն աջակցության համար: Այս առիթով Նորին սրբությունն իր օրհնությունն է հղել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող բոլոր ուսուցիչներին, ովքեր անխոնջ նվիրումով պատանիների հոգում կերտում են հայ քրիստոնյայի կերպարը, ապա նաև դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների, ուսումնական ծրագրերի մշակողներին ու կազմողներին:
Հայոց Հայրապետը նաև գնահատանքով և օրհնությամբ է հիշատակել Մայր աթոռի բարերար տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնին, ում ազնիվ նվիրատվությամբ հնարավոր է եղել աշակերտի սեղանին դնել «Հայ եկեղեցու պատմության» դասագիրքը:
Քննարկման մասնակիցներին նաև ողջունել է Արմեն Աշոտյանը: «Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել այն պարզ ճշմարտությունը, որ արձանագրված է մեր սրտերում և ամրագրված է հայոց Սահմանադրության մեջ: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ առաքելություն մեր ազգային ինքնության պահպանման, հոգևոր մշակութային արժեքների զարգացման գործում: Դպրոցը նաև դաստիարակության վայր է, դպրոցը հայի ինքնության պահպանման վերարտադրման, հայոց պետության քաղաքացի կերտելու վայր է: Եվ այստեղ ում ապավինել, եթե ոչ Մայր Աթոռի, մեր սուրբ եկեղեցու աջակցությանը: Եկեղեցու հետ համագործակցությունը թույլ է տալիս մեզ, մեր երեխաներին ներմուծել բարոյականություն, բարոյագիտություն և արժեքներ, թույլ է տալիս մեր աշակերտներին կոփել որպես հայեր և թույլ է տալիս առաջին անգամ իրենց համար թակել հոգևոր իմաստության դռները»,- ընդգծել է ԿԳ նախարարն իր խոսքում:
Հանդիպմանը զեկույցներով են հանդես եկել ՔԴԿ-ի աշխատակից Ելենա Հարությունյանը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի անցած ուղին» և ԿԳ նախարարությունից Նարինե Հովհաննիսյանը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի արձանագրած ձեռքբերումներն ու խնդիրները» թեմաներով, որից հետո տեղի է ունեցել քննարկում:











































