Կիրակի օրը ռեժիսորներ Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» և Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները» ֆիլմերն արժանացել են Սցենարիստների ամերիկյան գիլդիայի մրցանակին:
Գիլդիան հիմնադրվել է 1954 թ. և իր շարքերում միավորում է ամերիկացի ավելի քան 19 հազար գրողների ու սցենարիստների: Նրանց կարծիքը վճռորոշ է լինում «Օսկարի» մրցանակաբաշխությանը մրցանակ ակնկալող սցենարիստների միջև պայքարում:
«Կեսգիշերը Փարիզում» ռոմանտիկ կատարկերգությունը, որը հաղթող է ճանաչվել «Օրիգինալ սցենար» անվանակարգում, պատմում է հոլիվուդյան հաջողակ գրողի մասին, որն իր ընկերուհու հետ հայտնվում է Փարիզում, որտեղ էլ կեսգիշերին մոտ սկսվում են նրա արկածները: Ժապավենն արդեն ստացել է 11 մրցանակ` ներառյալ «Ոսկե գլոբուսը» և Ամերիկայի կինոյի ինստիտուտի մրցանակը:
«Հարմարացված սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ժառանգները» դրաման. այն պատմում է հարուստ հողատիրոջ մասին, որը կնոջ մահից հետո փորձում է ընդհանուր լեզու գտնել իր աղջիկների հետ:
Ջորջ Քլունիի մասնակցությամբ ֆիլմն ավելի վաղ արժանացել էր 37 մրցանակի` ներառյալ երկու «Ոսկե գլոբուսը», Ամերիկայի կինոյի ինստիտուտի, Հոլիվուդյան կինոփառատոնի մրցանակները:
Մրցանակները շնորհվում են հեռուստատեսության, կինոյի, ռադիոյի ու անիմացիոն գրաֆիկայի 26 անվանակարգում:
Հեռուստատեսության ոլորտում մրցանակներ են ստացել «Ամերիկյան ընտանիք», «Հայրենիք», «Իսկական կինո» սերիալների սցենարիստները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:








































