Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիներին սոցցանցերում կոչ են անում փետրվարի 26-ին անցկացնել «լռության րոպե» բողոք-ակցիա: Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում այդ օրը Վրաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում ակցիաներ անցկացնել տեղի ոստիկանական բաժանմունքների մոտ:
Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «լռության րոպե»-ով իրենք կհարգեն իշխանությունների գործողությունների արդյունքում սպանվածների հիշատակը: Բացի այդ, նշված է, որ ակցիայի ժամանակ չպետք է լինեն կարգախոսներ ու ելույթներ, փոխարենը միայն լռությամբ պետք է արտահայտել դժգոհություն ու անվստահություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խաղաղ հանրահավաքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայնա Կիաին, որը փետրվարի 6-13-ը գտնվել է Վրաստանում, նրա իշխանություններից պահանջել է նոր և անկախ հետաքննություն անցկացնել՝ կապված 2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում ընդդիմության բողոքի ակցիայի դաժան ճնշման հետ, ինչի հետևանքով զոհվել է 3 ընդդիմադիր և 1 ոստիկան:










































