ՌԴ նախագահի պաշտոնի համար պայքարող Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր ռուսական «Ռոսիյսկայա գազետա» թերթում հրապարակել է իր հերթական` 6-րդ հոդվածը: Հոդվածում նա անդրադարձել է Ռուսաստանի ռազմական ոլորտին, եվրոպական հակաօդային պաշտպանությանը: Պուտինն ԱՄՆ-ին զգուշացրել է՝ Հակաօդային պաշտպանության գլոբալ համակարգի գործարկման դեպքում ՌԴ-ն կտա ոչ համաչափ պատասխան:
«Ռուսաստանի ռազմատեխնիկական պատասխանը ամերիկյան գլոբալ ՀՕՊ համակարգին և Եվրոպայում նրա հատվածներին կլինի արդյունավետ և ոչ համաչափ: Դա ամբողջությամբ կհամապատասխանի այն քայլերին, որ ԱՄՆ-ն կատարում է ՀՕՊ ոլորտում»,- ասել է Պուտինը:
Պուտինը համոզված է, որ երկրի հակաօդային պաշտպանության ամրապնդումը ժամանակի պահանջն է: Դրան են դրդում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները: Վարչապետի գնահատականով ՝ անհրաժեշտ է ուղղել այս հավասարակշռությունը` համարժեք ՀՕՊ համակարգ ստեղծելու միջոցով, որը բավականին ծախսատար կլինի: