Ցանկացած երկրապահ գիտի, որ Սերժ Սարգսյանին սատարելը երկրի շահերից չի բխում՝ ոչ ԼՂՀ, ոչ էլ առհասարակ մեկ այլ հարցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց երկրապահ Սմբատ Այվազյանը՝ անդրադառնալով ԵԿՄ 9-րդ համագումարի ընթացքում Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի այն հայտարարությանը, որ կառույցը բոլոր նախաձեռնություններում պատրաստ է սատարել Սերժ Սարգսյանին:
«Օրինակ՝ ես երկրապահ եմ և բացարձակապես չեմ պատրաստվում աջակցել Սերժ Սարգսյանին, ընդհակառակը, միշտ պայքարել եմ նրա ու նրա նմանների դեմ: Սերժ Սարգսյանին սատարելը Մանվել Գրիգորյանի անհատական կարծիքն է, գուցե անհատական շահն է պատճառը: Բայց ինչ էլ լինի, ես հոգով, էությամբ երկրապահ եմ»,- ասաց Այվազյանը:
Նշենք, որ Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ 9-րդ համագումարի ընթացքում հայտարարել է. «Այս գարնանն անցկացվելու են համապետական ընտրություններ: Մենք պետք է ակտիվ մասնակցություն ունենանք դրանց ընթացքում»:
Դիմելով համագումարին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ԵԿՄ վարչության նախագահն ասել է. «Դուք մեր մարտական ընկերն եք, մեզ հետ միասին անցել եք մարտական ուղի: Մենք հավատում և վստահում ենք Ձեզ, սատար ենք կանգնում Ձեր նախաձեռնություններին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Հավատում ենք, որ ջանք չեք խնայելու բարեկեցիկ երկիր կառուցելու համար»:










































