Շաբաթ օրը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել Twitter սոցիալական կայքի միկրոբլոգի իր հետևորդներին, որոնց թիվն արդեն մեկ միլիոն է:
«Ամեն ինչ այսպես սկսվեց: 2010թ. հունիս: Twitter-ի գրասենյակ: Այսօր ես ունեմ մեկ միլիոն ընթերցող: Շնորհակալություն շփման համար»,- գրել է ՌԴ նախագահն իր 512-րդ թվիթում:
Նախագահը Twitter սոցիալական կայքում գրանցվել է 2010 թ. հունիսի 23-ին:
Մեդվեդևի` իր միկրոբլոգում գրած առաջին հաղորդագրությունը հետևյալն էր. «Ողջույն բոլորին: Ես Twitter-ում եմ, և սա իմ առաջին հաղորդագրությունն է»:
Այդ ժամանակից ի վեր նախագահն օգտվում էր սոցիալական կայքից` ժողովրդի հետ ակտիվորեն շփվելու համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ևս Մեդվեդևի միկրոբլոգի ընթերցողների թվում է:
ՌԴ նախագահը գրանցված է նաև Вконтакте, Facebook սոցիալական կայքերում:











































