Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, երբ անդադար ձյուն էր տեղում, Մաշտոցի այգում հավաքվածների թիվը գնալով ավելանում էր: Պուրակում ուրախ մթնոլորտ էր. երիտասարդները կիթառ էին նվագում, երգում: Նրանք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կերպարով ձնեմարդ պատրաստեցին: Ձնեմարդը վերջում «զարդարվեց» դատարկ աղբամանով և աղբով լի տոպրակներով:
«Ամո՛թ, հազա՛ր ամոթ, եկել եք մի քանի իշխանավորների հետ միացել, Երևանի կանաչն եք ոչնչացնում»,- իր զայրույթն էր հայտնում Երևանի մի բնակիչ: Վերջինս, սակայն, ավելի ուշ մոռացավ, թե ինչի համար էին մարդիկ հավաքվել այգում և սկսեց լուտանքներ տեղալ նախագահի, ոստիկանապետի հասցեին: Նրանց անվանեց «կարտոժնիկներ», «խուժաններ»: Բնապահպան ակտիվիստները խնդրեցին վերջինիս բնապահպանական պայքարը չվերածել քաղաքական պայքարի: Բողոքող բնակիչը, սակայն, այնքան էր վրդովվել, որ երբ «Առաջին լրատվական»-ը խնդրեց նրան ներկայանալ և հայտնեցինք մեր լրատվամիջոցի անունը, կարծեց թե խոսքը Հանրային հեռուստատեսության լրատվականի մասին է, կատաղեց և քիչ էր մնում մեր նկարահանող սարքը կոտրեր:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ չեն դադարելու պայքարել և երկուշաբթի օրը ցույց են անցկացնելու Երևանի քաղաքապետարանի դիմաց:








































