Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն այսօր հանդիպել է պակիստանցի մի հոգևորականի հետ, ով կապեր ունի Թալիբանի գրոհայինների հետ: Այս մասին հայտնել են հոգևորականը և Աֆղանստանի պաշտոնյաները: Հոգևորականն ասել է,որ Քարզայն իրեն խնդրել է այնպես անել, որ Թալիբանը համաձայնի վերսկսել խաղաղության բանակցությունները:
Associated Press-ը գրում է, որ Մաուլանա Սամիուլ Հաքիի փոխանցմամբ՝ ինքն է իր օգնությունն առաջարկել Քարզային, բայց ցանկանում է հստակ իմանալ, թե ինչ են պահանջում Թալիբանից:
Աֆղանստանի նախագահը այժմ Պակիստանում փորձում է խաղաղության բանակցությունների համար համագործակցության հասնել Պակիստանի հետ:
Քարզայի գրասենյակի խոսնակի տեղակալ Համեդ Էլմին հաստատել է, որ հանդիպումը տեղի է ունեցել:








































