Եգիպտոսում կամավոր հանգանակություններ հավաքելու արշավ է սկսվել, որի նպատակն է փոխարինել ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսական օգնությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Եգիպտացի ժողովուրդը երբեք չի համաձայնվի լինել վիրավորված և ստորացված»,- հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է իսլամական իրավունքի գիտակ Մոհամմադ Հասանը:
Հասանն իր վրդովմունքն է հայտնել Եգիպտոսի ֆինանսավորումը դադարեցելու ԱՄՆ սպառնալիքների վերաբերյալ և առաջարկել քաղաքացիներից յուրաքանչյուրին հանգանակել 10 եգիպտական ֆունտ (1.66 դոլար): Ընդ որում, Հասանի խոսքերով՝ դրա համար մեկ օրը միանգամայն բավարար է:
Կահիրեի «Ալ-Ազհար» համալսարանի ղեկավար Ահմադ Ալ-Տայյիբը ստեղծել է հատուկ «Պատվո հիմնադրամ», որտեղ կարելի է ուղարկել հանգանակությունները:
Կազմակերպիչները կարծում են, որ հավաքված միջոցները ոչ միայն բավարար կլինեն ԱՄՆ-ից կախվածությունը թուլացնելու համար, այլև դրանցով կարելի է հոգալ բնակչության սոցիալական կարիքները:
Հիշեցնենք. Կահիրեի և Վաշինգտոնի միջև վերջին շրջանում հարաբերությունները սրվել են՝ կապված Եգիպտոսի տարածքում դրսից ֆինանսավորվող որոշ ոչ կառավարական կազմակերպությունների անդամների ձերբակալությունների հետ: Ի պատասխան դրա՝ ԱՄՆ-ը սպառնացել է զրկել Եգիպտոսի կառավարությանը նախատեսվող 1.3 մլրդ դոլարի ֆինանսավորումից, եթե Կահիրեն ազատ չարձակի ձերբակալվածներին: