ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այսուհետ Իրանի անվտանգության և հետախուզության նախարարությունն ԱՄՆ-ի կողմից կենթարկվի պատժամիջոցների:
Բացի այդ, նշված է, որ իրանական այս նախարարությունը կենտրոնական դեր է խաղում Իրանում մարդու իրավունքների ոտնահարումների մեջ:
ԱՄՆ-ը նաև Իրանի տվյալ նախարարությանը մեղադրում է Սիրիայի ռեժիմին աջակցելու, «Հըզբոլլահ»-ին ֆինանսական, տեխնոլոգիական ու նյութական աջակցություն ցուցաբերելու, սեփական տարածքում «Ալ-Քաիդա»-ի գործունեությանը նպաստելու և Իրաքում գործող զինյալներին գումար ու սպառազինություն հատկացնելու մեջ:
Ամերիկյան պատժամիջոցները նախատեսում են շրջափակել ԱՄՆ-ի իրավասության կամ էլ ամերիկյան քաղաքացիների տրամադրության տակ եղած իրանական նախարարության ցանկացած սեփականություն: Ամերիկացիներին արգելվել է ամեն տիպի շփում ունենալ իրանական այդ կառույցի հետ: