Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը`մեծ է հավանականությունը, որ վերջերս Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունները կազմակերպվել են «Ալ-Քաիդայի» իրաքյան թևի կողմից: ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարը Սենատի հանձնաժողովի անդամներին հայտնել է, որ իրենց ունեցած տվյալներով` «Ալ-Քաիդայի» գրոհայիններն արդեն ներխուժում են Սիրիայի տարածք: «Շատ դեպքերում Սիրիայի ընդդիմությունը տեղեկացված չէ իրենց տարածքում ահաբեկիչների առկայության մասին»,- ասել է հետախուզության ղեկավար Ջեյմս Կլապերը:
Խոսելով Սիրիայի ներկայիս վիճակի մասին՝ Կլապերն ասել է, որ նախագահ Բաշար Ալ-Ասադն այս պահին ի վիճակի է պահել իշխանությունը, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է մասնատված մնալ: Կլապերը հավելել է, որ ոչ մի նախադրյալ, այդուհանդերձ, չկա, որ այս պատային իրավիճակից առաջիկայում հնարավոր կլինի ելք գտնել:
Կլապերը հայտարարել է, որ իրենք հետևում են Սիրիայի տարածքում գործող քիմիական զենքի ցանցին, որը կարող է կիրառվել իրավիճակը վերահսկողությունից վերջնականապես դուրս գալու դեպքում: Հետախուզության ղեկավարը խորհուրդ է տվել Սիրիայի մասին խոսելիս անպայման հաշվի առնել ահաբեկիչների և քիմիական զենքի գործոնները:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերից սկսած՝ Դամասկոսում և Հալեպում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, որոնք խլել են տասնյակ մարդկանց կյանք: