ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի կառավարման տարիներին պահ է եղել, երբ աշխարհը գտնվում էր ԱՄՆ-ի և Խոհրդային Միության միջև միջուկային հակամարտությունից «մի քանի րոպե հեռավորության վրա»:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Քարթերի անվտանգության հարցերով նախկին օգնական Զբիգնև Բժեզինսկին հաստատել է դա, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել, քանի որ այդ թեմայով տեղեկատվության արտահոսքը ժամանակին դուրս է եկել ոչ թե նրա, այլ Ռոբերտ Գեյթսի կողմից:
«Նման մի բան իրոք եղել է,- ասել է Բժեզինսկին,- դա ցույց է տալիս, թե որքան վտանգավոր են եղել այդ տարիները: Եթե այդ ժամանակ ամեն ինչ հաստատվեր, ապա հաշվի առնելով, թե ինչ տեղի կունենար, ընդ որում՝ իմ անմիջական մասնակցությամբ, 6 ժամում կզոհվեր 85 մլն ռուս և ամերիկացի»:
Այն հարցին, թե այդ ժամանակ որքան էր մնացել ամերիկյան հրթիռների գործարկմանը, Բժեզինսկին պատասխանել է. «Եթե (ազդանշանը) ճիշտ լիներ, ապա րոպեներ: Սակայն այն կեղծ էր»: