Գվատեմալայի նախագահ Օտո Պերես Մոլինան հանդես է եկել Կենտրոնական Ամերիկայի երկրներում թմրանյութերն օրինականացնելու առաջարկով:
Ինչպես գրում է բրիտանական The Independent թերթը, Մոլինան հայտարարել է, որ դա կարող է կրճատել տարածաշրջանի երկրներում բռնության և հանցավորության մակարդակը: Պետության նախագահի խոսքերով՝ ինքը պատրաստվում է թմրանյութերի օրինականացման հարցը բարձրացնել մարտին կայանալիք Կենտրոնական Ամերիկայի ղեկավարների գագաթնաժողովում:
Մոլինայի կարծիքով՝ չնայած միլիարդավոր դոլարներ են հատկացվում անօրինական թմրանյութերի դեմ պայքարին, հանցավորության մակարդակը երկրում, ինչպես նաև տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս չի կրճատվում: Նա մասնավորապես օրինակ է բերել Մեքսիկայում և Կոլումբիայում թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ անարդյունք պայքարը:
Նա նշել է, որ այլընտրանքային միջոցներ պետք է փնտրել դրանց դեմ պայքարելու համար, և որպես այդպիսին առաջարկել է դրանց օրինականացումը:
Գործակալությունը հայտնում է, որ Գվատեմալան սպանությունների թվով աշխարհում առաջատարներից է: Հանցավորության բարձր մակարդակը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է թմրակարտելների գործունեությամբ:









































