ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը «Գրավեք Ուոլ Սթրիթը» և նրա հետ կապված շարժումներն անվանել է «համեմատաբար հաջողված», հաղորդում է Associated Press-ը: Քարթերի խոսքերով՝ շարժման կազմակերպիչներին հաջողվել է հասնել իրենց նպատակին՝ իշխանությունների և ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անհավասարության վրա:
«Այդ շարժման կազմակերպիչներին հաջողվեց գրավել Կոնգրեսի և ԶԼՄ-ների ուշադրությունն այն բանի վրա, որ հարուստների և աղքատների միջև անդունդը գնալով մեծանում է»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը Դարեմ քաղաքի (Հյուսիսային Կարոլինա նահանգ) Դյուքի համալսարանում ունեցած ելույթում:
«Դեռ մեկ տարի առաջ և՛ ԶԼՄ-ները, և՛ Կոնգրեսը արհամարհում էին այդ խնդիրը: Այժմ այն դրված է օրակարգում, և դա է «Գրավեք Ուոլ Սթրիթը» և դրա նման մյուս շարժումների հաջողությունը»,- ավելացրել է նախկին նախագահը:
«Գրավեք» շարժումը սկսվել է 2011 թ. սեպտեմբերին Նյու Յորքում, որով ցուցարարները փորձում են հանրության ուշադրությունը հրավիրել «ֆինանսական էլիտաի հանցագործությունների» վրա: Բացի ԱՄՆ-ից՝ շարժումը տարածվել է Կանադայում և Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Իտալիայում: