«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և փետրվարի 15-ին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո նախաձեռնությունն արձանագրել է հետևյալը.
1. Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացվել և քաղաքացիներին կոչ է արվել «օրենքից չխոսել»
2. Ակնհայտ դարձավ, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել ի օգուտ մի քանի սեփականատերերի և ի հաշիվ Երևանի հանրության
3. «Հին Երևան» նախագիծը մոտ ապագայում իրագործման որևէ շանս չունի և այն օգտագործվում է միայն որևէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը
4. Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաև չկարողացան բացատրել` ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում և այն էլ կանաչապատ գոտում
5. Դրանց ժամանակավոր լինելու հանգամանքը չի ազատում օրենքի պահպանման պարտավորությունից և չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ կառույցները ժամանակավոր չեն, այլ հիմնավոր են ու նախատեսված են երկար տարիներով
6. Քաղաքապետարանի ընկալման մեջ տեղ չունեն «հանրային շահ» և «հանրային այգի» հասկացությունները և առաջնահերթություն է տրվում խանութների տերերին
Ելնելով այս ամենից՝ նախաձեռնութան անդամները հայտարարում են, որ եթե Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը և այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչև այգու վերջնական ազատումը:
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ նստացույցի մասնակիցների դեմ սկսվել են սադրանքներ և ապատկան բոլոր մարմիններից պահանջում է անհապաղ միջոցներ ձեռք առնել` ապահովելու համար նրանց անվտանգությունը:











































