РИА Новости-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը տպավորված չէ միջուկային ոլորտում Իրանի ունեցած առաջընթացից: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը.
«Անկեղծ ասած՝ մենք որևէ հատուկ բան չենք տեսնում դրանում: Ոչ մի կարևոր բան: Թվում է, թե այդ ամենը չափազանցված է: Իրանցիներն արդեն երկար տարիներ է, ինչ հայտարարում են իրենց նվաճումների մասին: Նրանց ասածներից ելնելով՝ նրանք շատ են հետ մնում:
Մեր կարծիքով՝ նմանատիպ հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին: Հուսով ենք Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալ ԱԷՄԳ-ից: Մենք կարծում ենք, որ Իրանի հայտարարությունը միջազգային հանրության ճնշումների արձագանքն է»:
Հիշեցնենք, որ երեկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրամայել է սկսել 4 նոր ռեակտորների կառուցումը: