Շվեյցարիայում քնեցրել են Մից Մաց անունով կատվին, որը աշխարհի ամենածեր կատուներից մեկն էր: Ինչպես գրում է Metro պարբերականը, 33-ամյա Մից Մացին սխալմամբ են սատկացրել, քանի որ անասնաբույժը նրան անտեր կատվի տեղ է դրել, չնայած իրականում այդպես չէր:
Մից Մացը երկար ժամանակ ապրել է Շվեյցարիայի Տեգերվիլեն կոմունայում՝ երկաթուղային կայարանում: Կայարանի աշխատակիցները հոգ են տարել կատվին, կերակրել նրան:
Վերջերս Մից Մացը դուրս է եկել զբոսանքի, և փողոցում նրան տեսել է մի կին, որը, ինչպես գրում է շվեյցարական մամուլը, նրան տարել է անասնաբույժի մոտ, քանի որ կարծել է, թե անտեր կատու է: Զննելով կենդանուն՝ անասնաբույժը որոշել է քնեցնել նրան, և այդպես էլ արել է:
Կատվի սպանությունն առաջացրել է Տեգերվիլենի բնակիչների դժգոհությունը: Սակայն անասնաբուժական գերատեսչությունից հայտնել են, որ իրենց աշխատակցի որոշումը ճիշտ է եղել, քանի որ կենդանին կույր է եղել, իսկ ծերության պատճառով խնդիրներ ուներ ատամների և ականջների հետ:
Մից Մացը պաշտոնապես չի ճանաչվել աշխարհի ամենածեր կատու: Այժմ աշխարհում ապրում են միանգամից մի քանի ծեր տնային կատուներ, որոնց տարիքն անցնում է 20-ից: Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենածեր կատուն եղել է Քրեմ Փաֆը Տեխասից, որը սատկել է 2005 թ.:










































