Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության» կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը չգիտի` հունվարի 18-ին Հայաստան կատարելիք այցի ընթացքում մասնակցելո՞ւ է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպմանը, թե՞ ոչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ բոլոր քաղբանտարկյալները ազատ են արձակվելու ժամկետից շուտ: «Դրանում ես կասկած չունեմ»,- ասաց նա: Քաղբանտարկյալների ազատ արձակումը Վարդան Հարությունյանը կապում է ներհայաստանյան զարգացումների հետ: «Ես կարևորում եմ ոչ այնքան Թոմաս Համմարբերգի այցը, որքան ընդդիմության, քաղաքացիական հասարակության ակտիվությունը»: Վարդան Հարությունյանը կարծում է, որ եվրոպական կառույցները Հայաստանի իշխանությոունների նկատմամբ ճնշումները գործադրում են այն դեպքում, երբ տեսնում են, որ քաղաքացիական հասարակությունն ակտիվ է, պայքարում է իր իրավունքների համար: