Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու առողջության, կյանքի տևողության, ակտիվ աշխատանքային գործունեության ժամանակահատվածի երկարությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց ազդեցությունն այդ ցուցանիշների վրա ներկայացվում է ըստ հետևյալ տոկոսային խմբերի: Դրանցից մարդու ապրելակերպը պայմանավորող գործոնների ազդեցությունն ամենամեծն է՝ 49-53%: Այդ գործոններից ամենավտանգավորներն են` ծխելը, ոչ ռացիոնալ սնունդը, ավելորդ քաշը, ճարպակալումը, ալկոհոլի չարաշահումը և ցածր ֆիզիկական ակտիվությունը: Ինչ վերաբերում է մնացած 50 տոկոսին` գենետիկական և կենսաբանական գործոնների ազդեցությունը կազմում է 18-20 տոկոս, շրջակա միջավայրի գործոնները և բնակլիմայական պայմանները՝ 17-20%, առողջապահական գործոնները, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցառումների անարդյունավետություն և բժշկական օգնության ցածր որակ՝ 8-10%:
Ինչպես նկատում ենք, ազդեցության գերակշիռ մասը բաժին է ընկնում մարդու ապրելակերպը բնորոշող գործոններին: Այս խմբի վտանգ ներկայացնող գործոնների զուգակցումը դառնում է մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ, կրճատում է կյանքի տևողությունը: