Ըստ ԱՎԾ վերջերս հրապարակած «ՀՀ սոցիալ տնտեսական վիճակը 2010թ. հունվար-նոյեմբերին» զեկույցի` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է մոտ 106 հազար դրամ: Ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը ֆինանսական և ապահովագրական գործունեության բնագավառում է եղել` մոտ 273 հազար դրամ, որին հետևում են տեղեկատվության և կապի ոլորտը (մոտ 229 հազար դրամ) ու հանքագործական արդյունաբերությունը (215 հազար դրամ): Շինարարության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 140 հազար դրամ, պետական կառավարման համակարգում` 123 հազար դրամ: Ամենացածր միջին աշխատավարձ ստացել են մշակույթի ու հանգստի ոլորտի աշխատողները` մոտ 58 հազար դրամ, ինչպես նաև առողջապահության, բնակչության սոցիալական սպասարկման (68 հազար դրամ), կացության և հանրային սննդի կազմակերպման (71 հազար դրամ), գյուղատնտեսության և անտառային տնտեսության (72 հազար դրամ), սպասարկման այլ ծառայությունների (73 հազար) ու կրթության ոլորտների աշխատողները (77 հազար դրամ):