Ամերիկացի պետական պաշտոնյաները և անվտանգության ոլորտի մասնագետները կարծում են, որ Թիֆլիսում և Դելիում իսրայելական դեսպանատան աշխատակիցների դեմ հարձակումները կարող են վկայել գաղտնի պատերազմի մասին, որը ծագել է մի կողից՝ Իսրայելի, իսկ մյուս կողմից` լիբանանյան շիական «Հիզբոլլահ» խմբավորման և Իրանի միջև: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
«Իրավիճակը սրվում է, հարձակումները հաճախակի են դառնում»,- ասել է Վաշինգտոնի համալսարանի մերձավորարևելյան քաղաքականության մասնագետ Մեթյու Լյուիթը:
Փորձագետների խոսքերով՝ վերջին ժամանակներս մի շարք ահաբեկչություններ են կանխվել, որոնք Իսրայելի դեմ պլանավորում էր իրականացնել «Հիզբոլլահ»–ը: Մասնավորապես, իսրայելցիների դեմ ահաբեկչություններ էին պլանավորվում Թայլանդում, Ադրբեջանում և Բուլղարիայում:
Լյուիթն իրանա-իսրայելական հարաբերությունների ներկայիս շրջանը համեմատում է 1992-1994 թթ. իրադարձությունների հետ, երբ Իրանը և «Հիզբոլլահ»–ը Իսրայելի դեմ գործելու ընդհանուր հիմքեր ունեին:
«Այս անգամ «Հիզբոլլահ»–ը փորձում է վրեժխնդիր լինել 2008 թ. Դամասկոսում Իմադ Մուղնիի սպանության համար, իսկ Իրանը՝ միջուկային ոլորտի գիտնականների սպանության համար»,- մեջբերում է Bloomberg-ը Լյուիթի խոսքերը: