Թուրքիայի անվտանգության ուժերի գործողության արդյունքում երկրի հարավ-արևելքում ոչնչացվել են «Քրդական աշխատավորական կուսակցության» գրոհային ճյուղի 15 անդամներ: Գործողությունները տեղի են ունեցել Սիրնակում` Իրաքի հետ հյուսիսային սահմանից ոչ հեռու:
Սիրնակի նահանգապետի վարչակազմից հայտնել են, որ ոչ օրինական զինված անձանց դեմ ուժ կիրառվել է միայն այն ժամանակ, երբ նրանք մերժել են վայր դնել զենքերը և հանձնվել: Առգրավվել է նաև մեծ քանակությամբ զինամթերք: Կորուստներ են կրել նաև հատուկ ծառայությունների աշխատակիցները: Հրազենային վնասվածքներից մահացել են երկու զինծառայողներ:
«Քրդական աշխատավորական կուսակցություն»–ը Թուրքիայի կառավարության հետ պայքար է մղում 1984 թվականից: Ըստ տարբեր գնահատականների՝ այս ընթացքում հակամարտության զոհ է դարձել ավելի քան 40 հազար մարդ։