Պակիստանն այսօր հայտարարել է, որ ժամանակավորապես թույլատրել է ՆԱՏՕ-ին սնունդով ապահովել Աֆղանստանի իր զորքերին: Associated press-ը հաղորդում է, որ սա նշան է, որ լարվածությունը Պակիստանի և ԱՄՆ-ի միջև թուլանում է: Հիշեցնենք, որ լարվածությունն առաջացել էր այն պատճառով, որ ԱՄՆ ուժերի օդային հարձակման հետևանքով պակիստանցի 24 զինվոր էր զոհվել:
Իր սահմանի վրա նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հարձակումներին ի պատասխան` Պակիստանը փակել էր Աֆղանստանի հետ իր սահմանը` ՆԱՏՕ-ի մատակարարումն արգելափակելով, ինչը բարդություններ էր ստեղծել կոալիցիայի ուժերի համար, քանի որ նրանք ստիված էին ավելի շատ գումար ծախսել Աֆղանստան այլ ուղիներով պարենային ապրանքներ հասցնելու համար:
Պակիստանի արտգործնախարար Ահմեդ Մուխթարն ասել է, որ կառավարությունը ՆԱՏՕ-ին դա թույլատրել է միայն ժամանակավոր և խնդրել է կոալիցիային այլևս նման բան չպահանջել: Նախարարը, սակայն, չի հստակեցրել, թե երբ է տրվել թույլտվությունը: