Հունվարի 3-ին Բաղրամյան փողոցում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է նկարիչ, արվեստագետ 37-ամյա Դավիթ Սերյոժայի Կարապետյանը (Կարեյան): Դավիթ Կարապետյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Դավիթ Կարապետյանը վրաերթի է ենթարկվել
BMW X5 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Նորագյուղի բնակիչ, Արցախ-բանկ ՓԲԸ-ի առաջին կարգի մասնագետ, 28-ամյա Կարեն Գևորգի Խաչատրյանի կողմից, երբ վերջինս առանց հետիոտնին զիջելու Ավետիսյան փողոցից մտել է Բաղրամյան: Ականատեսների վկայությամբ, վրաերթի ենթարկված Դավիթ Կարեյանին մեքենան մոտ վեց մետր շպրտել է հեռու, ինչից հետո մեքենան հարվածել է «Պարտեզ պլյուս» տաքսի ծառայության ավտոմեքենային: Հարվածի արդյունքում տաքսին էլ ընդհարվել է «Ֆոլքսվագեն-Պասսատ» ավտոմեքենային: Ավտովթարի հետևանքով վիրավորվել են նաև ութ քաղաքացիեր` տաքսու վարորդը` Կոտայքի մարզի բնակիչ Մկրտիչ Բաբաջանյանը և նրա ուղևորները` երկու եղբայրների ընտանիքները` Երևանի Եղիշե Թադևոսյան 15 շենքի բնակիչներ` 27-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, մեկամյա Գառնիկ Հովհաննիսյանը, 27-ամյա Նազելի Այվազյանը, 20-ամյա Ռուզաննա Կարապետյանը, 5-ամյա Հասմիկ Հովհաննիսյանը, 2-ամյա Լիլիթ Հովհաննիսյանը, 27-ամյա Վարդան Հովհաննիսյանը, որոնք տեղափոխվել են 1-ին համալսարանական հիվանդանոց: Նազելի Այվազյանը և Ռուզաննա Կարապետյանը վնասվածքներ չեն ստացել. Ամենալուրջը վնասվել են երեխաները, որոնցից մեկը գլխուղեղի ցնցում ունի:
Ականատեսների վկայությամբ, ոստիկանները զայրացած անցորդների ձեռքից պարզապես փախցրել են Կարեն Խաչատրյանին, ով այժմ գտնվում է Արաբկիր համայնքի ոստիկանատանը: