Չինաստանի հեռուստա- և ռադիոհեռարձակման պետական վարչությունը (State Administration of Radio, Film and Television, SARFT) ժամը 19:30-22:00-նն ընկած ժամանակահատվածում արգելել է արտասահմանյան բազմասերիանոց ֆիլմերի ցուցադրումը: Այս մասին հաղորդում է China Daily թերթը:
Ընդ որում, հեռուստաընկերությունները միևնույն արտասահմանյան սերիալից կարող են ցուցադրել ոչ ավելի, քան 50 մաս, իսկ արտասահմանյան շոուներին հատկացված ժամանակը օրական չպետք է գերազանցի եթերային ամբողջ ժամանակի մեկ քառորդը:
SARFT հայտարարության մեջ ասվում է, որ նոր օրենքի նպատակն է բարձրացնել ներմուծվող հեռուստասերիալների որակը, քանի որ այս դեպքում հեռուստաալիքները ստիպված կլինեն նախապատվություն տալ առավել բարձր որակ ունեցող սերիալներին: Մյուս կողմից՝ նոր օրենքը կարող է նպաստել չինական սերիալների զարգացմանը:
Չինաստանում ցուցադրվող արտասահմանյան սերիալների մեծ մասը նկարահանված են Հոնկոնգում, Հարավային Կորեայում, Թաիլանդում և Թայվանում:
2011 թ. սեպտեմբերին SARFT-ը սահմանափակեց ժամանցային հաղորդումների ցուցադրությունը, որի արդյունքում դրանց թիվը եռակի կրճատվեց, իսկ ավելի ուշ արգելվեց սերիալներն ընդմիջել գովազդով: