Քիչ առաջ Մաշտոցի պուրակից բնապահպան ակտիվիստները երթով ուղղվեցին դեպի նախագահական՝ պահանջելով ետ կանչել ՇՄԱՓ («Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննություն») օրինագիծը: Ինչպես լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իրավաբան Արթուր Գրիգորյանը, շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության օրինագիծը, որը խորհրդարանում ընդունվել է փետրվարի 6-ին, պարունակում է բազմաթիվ վտանգներ: Իրավաբանը հայտնելով իր մտահոգությունը՝ ասաց, որ օրինագծով չի սահմանափակվում անտառածածկ տարածքների օգտագործումը:
Ըստ իրավաբանի՝ այդ օրինագծով թույլատրվում է կատարել անսահմանափակ քանակությամբ անտառահատումներ՝ առանց լսումների և փորձաքննության անցկացման: Հասարակությունը մեկուսացվում է նաև որոշումների կայացմանը գործնականում մասնակցելու հնարավորությունից:
«ՇՄԱՓ օրինագիծը հակասում է նաև Օրհուսի, Էսպոյի և մի շարք այլ օրենքների ու կոնվենցիաների»,- նշեց իրավաբանը` շարունակելով ներկայացնել օրինագծի վերաբերյալ բնապահպանների մտահոգությունները և դրանց իրավական հիմքերը:
Այս պահին բնապահպանները շարժվում են դեպի նախագահական՝ հանձնելու նախագահին ուղղված իրենց նամակը: