Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայնի մոտ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ,- տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: 6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու ափին՝ Տոկիոյից մոտ 165 կմ հեռավորության վրա:
Agence France-Presse-ը հաղորդում է, որ երկրաշարժը զգացվել է Ճապոնիայի մի շարք շրջաններում, նաև՝ մայրաքաղաք Տոկիոյում, սակայն ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում: Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժն ատոմակայանի համար վտանգավոր հետևանքներ չի ունեցել, ցունամիի վտանգ նույնպես չկա:
Հիշեցնենք, որ 2011 թ. մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով լուրջ վթար էր տեղի ունեցել «Ֆուկուսիմա-1» ատոմակայնում, որը հանգեցրել էր ռադիացիայի արտահոսքի: