Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Հնդկաստանում ու Վրաստանում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի կապակցությամբ Իրանին Իսրայելի հասցեագրած մեղադրանքները հանդիսանում են Թեհրանի դեմ մղվող հոգեբանական պատերազմի հերթական փուլը.
«Իսրայելն ինքն է պլանավորել Հնդկաստանում ու Վրաստանում իր դեսպանատների նկատմամբ ահաբեկչական հարձակումները, որպեսզի դրանով իսկ ստվեր գցի այդ երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերությունների վրա: Իսրայելն այդ քայլին գնացել է Իրանի դեմ նոր հոգեբանական պատերազմ սանձազերծելու համար:
Թեհրանը կտրականապես դատապարտում է ահաբեկչությունը, քանի որ Իրանն ինքը հանդիսանում է ահաբեկչության զոհ: Աշխարհում պետք է արմատախիլ անել ահաբեկչությունը»:
Հիշեցնենք, որ երեկ հարձակումներ են իրականացվել Վրաստանում ու Հնդկաստանում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների ավտոմեքենաների վրա: Հնդկաստանում ռումբի պայթյունից տուժել է մեկ մարդ, իսկ Վրաստանում դեսպանի վարորդ Ռոման Խաչատուրյանի աչալրջության արդյունքում ռումբը վնասազերծվել է ժամանակին: