1958թ. այս օրը Երևանում ծնվեց հայ գրոսմայստեր (1984թ.) Սմբատ Լպուտյանը:
Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1982թ.): Նույն թվականին Լպուտյանը դարձել ԽՍՀՄ երիտասարդ վարպետների չեմպիոն:
1984թ. ՖԻԴԵ-ի կողմից Ս. Լպուտյանին շնորհվել է միջազգային գրոսմայստերի կոչում: 1984-1986թթ. ԽՍՀՄ առաջին խմբի առաջնություններում Ս. Լպուտյանը կրկնակի հաղթող է ճանաչվել:
Հայազգի երիտասարդ գրոսմայստերը 6 անգամ հանդես է եկել Խորհրդային Միության առաջնության եզրափակիչ մրցաշարերում:
Ս. Լպուտյանը համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է դարձել 1992, 2002 և 2004թթ.: Նա 1997թ. Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է, իսկ 1999թ.` հաղթող:
Տաղանդավոր շախմատիստը տարբեր ակումբների կազմում (ԲԿՄԱ՝ 1986-1988թթ., ԲՈՍՆԱ՝ 1994թ. և «Երևան»՝ 1995թ.) ճանաչվել է եվրոպական ակումբների գավաթի խաղարկության հաղթող:
Ս. Լպուտյանը դարձել է Հայաստանի քառակի չեմպիոն (1978, 1980, 1998, 2001թթ.): 3 անգամ արժանացել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալի (1997, 2001, 2005թթ. ):
2006թ. Թուրինում (Իտալիա) կայացած համաշխարհային 37-րդ օլիմպիադայում Լպուտյանը Հայաստանի հավաքականի կազմում արժանացել է ոսկե մեդալի:
Հայաստանի շախմատի «ծանր հրետանի» Ս. Լպուտյանը 2002թ. հիմնադրեց Երևանի շախմատային ակադեմիան:
Նա ՀՀ շախմատային ֆեդերացիայի փոխնախագահն է, իսկ 2000-ից՝ ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ:
2006թ. թուրինյան օլիմպիադայից հետո Լպուտյանը արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: