ՀՀ զբոսաշրջության ոլորտի մասնագետները նշում են, որ Հայաստանն զբոսաշրջության զարգացման համար ունի բազմաթիվ նախադյալներ` թանգարան բաց երկնքի տակ, Գառնի-Գեղարդ, Սևան, հարուստ պատմամշակութային ժառանգություն, երբեմն էլ սրանց շարքում ավելացնում են «էլիտար շենքեր» և «չափազանց հյուրասեր ժողովուրդ» հասկացությունները: Սա` մեր աչքերով, սակայն, համաձայն տուրիզմի զարգացման համընդհանուր չափանիշների, բացի հետաքրքիր պատմամշակութային ժառանգությունից, յուրաքանչյուր երկիր զբոսաշրջիկների համար առավել գրավիչ է, եթե այնտեղ բարձր է կյանքի որակը, իսկ մեր երկրում դրա մասին քիչ բան կարող ենք ասել: Հայաստանն, անխոս, հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, և նույնիսկ հեռավոր մարզերում կամ լեռներում կարելի է հանդիպել հին ու զարմանալի կոթողների, որոնց հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունը երբեք չի մարում: Սակայն պետք չէ մոռանալ, որ մեր երկրի հրաշալիքները տեսնելու եկած զբոսաշրջիկները սովոր չեն դեպի այդ կոթողները և պատմական հուշարձանները տանող անդուր տեսարաններով և աղբավայրերով ճանապարհներին, որոնք երբեմն նրանց համար նույնքան մեծ սթրեսի պատճառ են դառնում, որքան կարմիր լույսի տակով անցնող մեր հետիոտնը:
Ըստ Հայաստանում տուրիստական փաթեթ կազմող մի շարք տուրիստական գործակալությունների` այսօրվա դրությամբ մեզ մոտ են գալիս մշակութային, էքստրեմալ, գիտական, բիզնես, կրոնական, առողջարանային, սպորտային, ստորջրյա տուրիզմի հետաքրքրվածությամբ: Սակայն, անկախ նախասիրություններից, նրանց մեծամասնությունը հետաքրքրված է ճանաչողական տուրիզմով: Հայկական տուրօպերատորները հիմնականում առաջարկում են տուրիստական փաթեթներ 12-13 ուղղություններով: Զբոսաշրջիկներն առավելապես նախընտրում են այցելել Գառնի-Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք, Հաղպատ, Սանահին, Քարահունջ-Տաթև, Հաղպատ-Սանահին-Դսեղ, Դիլիջան-Հաղարծին-Գոշավանք: «Այս վայրերը նրանց վրա անմոռանալի տպավորություն են թողնում: Երբեմն ինձ այնպես է թվում, թե մեզանից շատ են գնահատում մեր ունեցածը»,- ասում է «Ավիա» տուրիստական կազմակերպության աշխատակից Ալինան: